Աջակցության հեռախոսահամար
+374 12 310000

Գործարար էթիկայի և գործարար պրակտիկայի կանոններ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») Գործարար վարվելակերպի կանոնները (այսուհետ՝ «Կանոններ») ներկայացնում են Ընկերության գործարար էթիկայի եւ վարվելակերպի պարտադիր կանոնների, նորմերի ընդհանուր նկարագիրը: Ընկերության յուրաքանչյուր աշխատակից (այդ թվում՝ պայմանագրային աշխատողները) պարտավոր է հետեւել սույն Կանոնների պահանջներին:

2. ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

2.1. Ընկերության աշխատանքի հաջողության գրավականը Անձնակազմի համաձայնեցված եւ միասնական աշխատանքն է։ Ընկերության թիմում առավելագույնս կարեւորվում եւ մեծ դեր ու նշանակություն է տրվում աշխատանքային էթիկայի եւ վարվելակերպի կանոնների պահպանմանն ու զարգացմանը։

2.2. Աշխատանքի ընթացքում աշխատողներն առաջնորդվում են Հաճախորդների եւ մյուս աշխատակիցերի նկատմամբ փոխադարձ հարգանքի, ուշադրության եւ փոխօգնության սկզբունքներով։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր գործողություններում եւ մասնագիտական պարտականությունները կատարելիս եւ՛ գործընկերների, եւ՛ հաճախորդների հետ շփման ընթացքում հետեւողական լինել արտաքին տեսքի, պահպանմանը: գործարար ոճի, խոսելաոճի, վարվելաձեւի կանոնների

2.3. Ընկերության յուրաքանչյուր աշխատակից բոլոր հաճախորդների եւ գործընկերների նկատմամբ ցուցաբերում է հավասար հարգալից եւ զուսպ վերաբերմունք՝ անկախ վերջիններիս ազգային կամ էթնիկ, ռասայական, սեռական, կրոնական դավանանքից, հավատամքից, սոցիալական ծագումից, դասային պատկանելիությունից, տարիքից, քաղաքական կողմնորոշումներից կամ այլ համոզմունքներից, ֆինանսական կամ այլ դրությունից եւ իրականացվող գործարքի մեծությունից:

2.4. Հաճախորդի հետ անմիջական շփման ժամանակ առաջացած կոնֆլիկտային կամ արտասովոր իրավիճակներում աշխատողները պարտավոր են լինել համբերատար, հաճախորդի տարակուսանք եւ զայրույթ առաջացնող հարցադրմանը պատասխանել հանգիստ եւ արժանապատվությամբ՝ ցուցաբերելով բարյացկամություն եւ հավասարակշռված վարքագիծ, անհրաժեշտության դեպքում դիմել անմիջական ղեկավարին՝ հարցի կարգավորման համար: Կոնֆլիկտների լուծման ուղիները եւ մեթոդները բխում են աշխատանքային իրավիճակից, ծառայում են կոնկրետ աշխատանքային նպատակներին եւ կրում կառուցողական բնույթ:

2.5. Ընկերությունն իր բնականոն գործունեությունն իրականացնելու ժամանակ առաջնորդվում է ուղղվածություն դեպի հաճախորդ եւ անձնակազմի կառավարման բոլոր գործընթացներում անաչառ ու արդարացի վերաբերմունքի ցուցաբերման սկզբունքներով: Ընկերության աշխատողները պարտավոր են

2.5.1. զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել Ընկերության բնականոն աշխատանքային ընթացքը,
2.5.2. ղեկավարվել արդարության, բարեխղճության եւ ազնվության սկզբունքներով,

2.5.3. ղեկավարվել հաճախորդի շահերի գերակայության սկզբունքով,
2.5.4. լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ եւ օրինակելի,
2.5.5. իրենց վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի եւ հավատի ձեւավորմանը եւ պահպանմանը, որ Ընկերության գործունեությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ արդարության գաղափարների վրա:

2.6. Ընկերությունը կարեւորում է յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ բարեհամբույր եւ ուշադիր վերաբերմունքը եւ որակյալ ծառայությունների մատուցումը, ձգտում է գործարար վարվելակերպի կանոնների պահպանման շնորհիվ բարձր պահել Ընկերության գործարար բարձր համբավը եւ թույլ չտալ այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք կարող են վնասել Ընկերության գործարար համբավը:

2.7. Նորանշանակ աշխատողները նախապես ծանոթանում են Ընկերության աշխատանքային էթիկայի եւ վարվելակերպի կանոններին՝ առավելագույնս իրազեկված լինելու եւ Ընկերությունում գործարար վարվելակերպի բարձր մակարդակի պահպանումն ապահովելու նպատակով:

2.8. Գործարար վարվելակերպի կանոնների կոպիտ խախտման դեպքում աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ համաձայն Ընկերության ներքին իրավական ակտերի եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների:

2.9. Ընկերությունն ընդունել է շահերի բախման, հակակոռուպցիոն եւ պատժամիջոցների կիրառման քաղաքականություններ եւ յուրաքանչյուր աշխատակից պետք է առաջնորդվի այդ քաղաքականությունների դրույթներով:

2.10. Անձնակազմի յուրաքանչյուր անդամ գիտակցում է, որ չպետք է թույլ տա, որ իր անձնական շահերը, նախապատվություններն ու այլ անձինք ազդեն իր մասնագիտական դատողությունների եւ որոշումների օբյեկտիվության վրա, որ պետք է զերծ մնալ իրավիճակներից, երբ անձնական շահերը հակադրվում են Ընկերության եւ հաճախորդների շահերին, որոնց ժամանակ կարող է առաջանալ շահերի բախում:

2.11. Ընկերությունն իր գործունեության մեջ հավատարիմ է կոռուպցիոն ցանկացած դրսեւորումներից զերծ մնալու սկզբունքին եւ ունի իր դերակատարումը հասարակությունում հակակոռուպցիոն մշակույթի զարգացման գործում: Ընկերության անձնակազմի անդամին արգելվում է ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ ուղղակի կամ անուղղակի ձեւով, անձամբ կամ երրորդ անձանց միջոցով առաջարկել, տալ, խոստանալ, խնդրել կամ ստանալ կաշառք կամ կատարել չնախատեսված (չսահմանված, սակագներից դուրս) այլ վճարումներ՝ Ընկերության բնականոն որեւէ գործընթաց, գործարք կամ այլ հարցեր շրջանցելու կամ կրճատելու նպատակով: Ընկերությունն ակնկալում է հաճախորդներից գործընկերներից եւ արտաքին այլ կառույցներից կոռուպցիոն հակազդեցությանն ուղղված համապատասխան կանոնների պահպանում:

2.12. Ընկերությունն անվերապահորեն կատարում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող օրենսդրական ակտերի պահանջները: Ընկերությունը ձեռնարկում է միջոցներ, որ գործընկերային հարաբերություններ հաստատի միայն հուսալի գործընկերների հետ, որոնք զբաղվում են օրինական գործունեությամբ:

2.13. Ընկերությունը պահպանում է հաճախորդներին, գործընկերներին վերաբերող ծառայողական տեղեկությունների գաղտնիությունը՝ համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի:

2.14. Ընկերությունը պատշաճ կերպով մասնակցում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերին՝ ձգտելով նպաստել հասարակության բարօրության աճին:

2.15. Ընկերությունը քաղաքականապես չեզոք է եւ չի աջակցում քաղաքական կուսակցություններին կամ արշավներին: Քաղաքական կյանքում ներգրավված աշխատակիցները պարտավոր են բացառել դրա ազդեցությունն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման վրա, ինչպես նաեւ դրա հետանքով շահերի հնարավոր բախումը:

2.16. Ընկերությունում մշակվել եւ կիրառվում են բողոքների կառավարման եւ լուծման գործուն մեխանիզմներ, որով առաջնորդվում է Ընկերության յուրաքանչյուր աշխատակից: Բողոքների ներկայացման, ուսումնասիրման, որոշումների կայացման եւ արձագանքման գործընթացը կարգավորվում է Ընկերության համապատասխան ընթացակարգով:

2.17. Ընկերությունն աջակցում է անձնակազմի վստահության մթնոլորտի ձեւավորմանը, որտեղ կարող են քննարկվել էթիկայի խնդիրներին վերաբերող հարցեր, սակայն Հաճախորդների կողմից սույն Կանոնների կամ էթիկայի նորմերի այնպիսի խախտումներ արձանագրելու դեպքում, որոնց արդյունքում վնաս է հասցվել կամ կարող է հասցվել Հաճախորդին կամ Ընկերությանը, հաճախորդները կարող են դրա մասին տեղեկացնել info@aktina.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով: Բոլոր գրությունները կուսումնասիրվեն Ընկերության կողմից եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:

3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.1. Սույն Կանոնների բոլոր լրացումներն ու փոփոխությունները հաստատվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից (եթե Ընկերության կանոնադրությամբ, այլ բան նախատեսված չէ) եւ ուժի մեջ են մտնում մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատման պահից: